Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր, ի՞նչն են փռել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարիներին, երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ են մեղադրվում այս կամ այն կոռուպցիոն գործարքի համար, ինչո՞ւ նրանց էլ ասֆալտին չեն փռում և նման ձևով չեն ձերբակալում, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում էր։
Իսկ թե ինչո՞ւ չեն հրավիրել Ղուկասյանին և նախընտրել են բռնությամբ շոու իրականացնել՝ Ալեքսանյանը պատասխանեց.«Ղուկասյանի տեղը ձեզ վա՞տ եք զգում, մարդն ուրախ գնում էր, ի՞նչ է․ բռնությո՞ւն է տեղի ունեցել»։
Ալեքսանյանը նշեց՝ գուցե, նման կերպ են վարվել, քանի որ քննչական գործողությունների համար անսպասելիության էֆեկտ պետք է օգտագործեին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։
Վարդան Ղուկասյանի և մյուս պաշտոնատար անձանց պաշտոնավարումը կասեցվել է:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով:





























