Թուրքական խաղաղապահ ուժերը կշարունակեն օգնել Լիբանանի բանակի մարտունակության բարձրացմանը՝ Լիբանանում տեղակայման իրենց երկարաձգված մանդատի շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է օրինագիծ, որով Սիրիայում և Իրաքում զինված ուժերի տեղակայման մանդատը երկարաձգվել է ևս երեք տարով, իսկ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մանդատը՝ երկու տարով։
«Ջանքերը կշարունակվեն տարածաշրջանում անվտանգության պայմանները բարելավելու, կայունությունն ապահովելու և Լիբանանի զինված ուժերի կարողությունները զարգացնելու ուղղությամբ՝ Լիբանանում խաղաղություն հաստատելու և պահպանելու համար»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը մասնակցել է Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը, դատապարտել է Իսրայելի հարձակումները պաղեստինյան անկլավում և տարածաշրջանի երկրներում, ներառյալ՝ Լիբանանում, նշելով, որ «Իսրայելի ցեղասպանական և զավթողամոլական քաղաքականությունը մնում է տարածաշրջանային խաղաղության ամենամեծ սպառնալիքը»։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթական ճեպազրույցում հայտարարել է նաև, որ Իրաքում և Սիրիայում երկարաձգված մանդատները նպատակ ունեն պաշտպանելու Թուրքիայի ազգային անվտանգությունը երկու հարևանների տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձերից։





























