Ամբողջ հասարակությունը հիվանդ է, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Կարող է պատահի իր վրա քիչ են ազդում այդ սինդրոմները, որովհետև ինքը ուժեղ անձնավորություն է, բայց չի կարող մաս չկազմի այդ ամբողջի»,–ասաց նա։
Անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 6 տարի 3 ամիս ազատազրկման որոշմանը, Աղազարյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում կարո՞ղ են լինել արդյոք քաղաքականության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ, որոնք թույլ կտան իրավախախտում և հետո այդ իրենց իրավախախտումը կոծկելու համար, ասեն, որ քաղաքական հետապնդում է։ Անկասկած կարող են լինել:
Հայաստանի Հանրապետությունում կարո՞ղ են լինել մարդիկ, որոնց վրա կարող են գործ սարքվել, որպեսզի իրենց դուրս մղեն քաղաքականությունից, ժամանակավորապես կամ ընդհանրապես, կամ ճնշել, կարո՞ղ է։ Իհարկե կարող է, և դա արվում է»։
Նա հայտարարեց, որ իրավապահ համակարգի նկատմամբ իր վստահության մակարդակը շատ ցածր է. «Եթե վարչապետը հայտարարում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինքն է հանել աշխատանքից, ապա ինչի՞ մասին է խոսքը»։





























