Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը չի պատրաստվում կիրակի օրը մասնակցել Հովհաննավանքում տեղի ունենալիք «պատարագին», որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք նրա չգնալը նշանակում է չաջակցե՞լ վարչապետին, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան. «Չէ իհարկե, չի նշանակում: Մենք իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում: Աջակցել-չաջակցելու բան չկա: Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն, ես որտեղ կուզեմ, կաղոթեմ:

Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա և իրեն գործարարի պես պահի»։