Այն, ինչ տեղի է ունենում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա թվարկեց մի քանի պատճառ, թե ինչով է պայմանավորված այդ հետապնդումը. Դավիթ Համբարձումյանի՝ ՏԻՄ մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ, մի քանի անգամ ՔՊ-ին տարբեր հարթակներում հաղթել է, «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածու է առաջադրվել։  Ըստ Մամիջանյանի, սա ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից։

Նա նշեց, որ դեպքը, որի հիման վրա քերական գործ էր հարուցվել, տեղի է ունեցել 2018 թվականին, ինչպե՞ս պատահեց, որ նոր հիշեցին, բացի այդ՝ կազմակերպիչ կա, իրականացնողներ չկան։

«Մի քանի ամիս տարբերությամբ  վճիռ է տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի։ Իրականացնող չկա, կազմակերպիչ կա, իմպիչմենտի թեկնածուն արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը» ,- ասաց Մամիջանյանը։

Հարցին քանի՞ ՔՊ-ական է տվել իմիպիչմենտի գործընթացին իր համաձայնությունը, Մամիջանյանն ասաց. «Բնականաբար, այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետև դա վնասելու է գործընթացին»։ Փոխարենը նա ընդգծեց, որ իմպիչմենտի գործընթացը պարզապես այլընտրանք չունի։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը նախօրեին Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։  Վերջինս Հայաստանում չէ, սակայն հայտարարել է, որ անպայման վերադառնալու է, վերադարձի տոմսը հոկտեմբերի 28–ին է։