Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել:
Հունվարի 29-ին մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 70-ամյա Արտաշես Մկոյանը, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մկոյանը իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին եւ ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:




























