2011 թ. պարտադիր ավտոապահովագրության գծով հայաստանյան ապահովագրական 8 ընկերությունները հավաքագրել են 14.8 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն: ԱՊՊԱ-ի ընդհանուր գումարը ՀՆԱ-ի մոտավորապես 0.3-0.4 %-ի շրջանակներում է: Հետեւաբար` այն գնահատականները, թե 2011 թ. ՀՆԱ-ի համեմատաբար բարձր (ըստ նախնական տվյալների` 5.9 %) աճը ձեռք է բերվել ԱՊՊԱ-ի հաշվին` իրականությունից հեռու են:
Ապահովագրված են 392.5 հազ. ավտոմեքենաներ:
Որպես հատուցում` ապահովագրական ընկերությունները 2011 թ. վճարել են 5.56 մլրդ դրամ, կամ` հավաքագրված գումարների մոտ 37.5 %-ը: Դիմումների քանակը (այսինքն` վթարների) 25.3 հազ. է, կամ` ամսական 2100 վթար: Վթարների նման քանակը զգալիորեն քիչ է կանխատեսվածից (ամսական մոտ 3000):
Ապահովագրական շուկան ունի 3 ակնհայտ առաջատար ընկերություններ` «Ռոսգոսստրախ Արմենիա» (ԱՊՊԱ-ի պոլիսների 33 %-ը), «Ինգո Արմենիա» (17.2 %) եւ «Ռեսո» (14.9 %): Այսպիսով` այս 3 ընկերություններին բաժին է ընկնում ապահովագրական պոլիսների 65 %-ից ավելին:




























