Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հունվարի 25-28-ին այցելել է Մալթա` նախագահ Ջորջ Աբելային /George Abela/ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը` հունվարի 25-ին, դեսպան Կարապետյանը Մալթայի ԱԳՆ Մշտական քարտուղար, դեսպան Ջոն Փոլ Գրեչին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը եւ քննարկել հայ-մալթական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հաջորդ օրը` հունվարի 26-ին, Մալթայի նախագահի պալատում տեղի է ունեցել հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողություն, որին հետեւել է ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ Մալթայի նախագահ Ջորջ Աբելայի առանձնազրույցը:
Զրույցի ընթացքում Ջորջ Աբելան ողջունել է Մալթայում առաջին անգամ ՀՀ դեսպանի նշանակումը եւ հույս հայտնել, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Իր հերթին դեսպան Կարապետյանն ընդգծել է Մալթայի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած բազմադարյա կապերը` վստահեցնելով, որ «կանի առավելագույնը երկու քրիստոնեական հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրների միջեւ կապերի խորացման ու ամրապնդման ուղղությամբ»:
Դեսպանը, Մալթայի նախագահին փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները, հրավիրել է այցելել Հայաստան:
Նույն օրը Ռուբեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ֆրենդոյի /Michael Frendo/ հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-մալթական խորհրդարանական կապերի խթանման, փոխայցելությունների կազմակերպման հետ առնչվող հարցեր:
Մալթա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ իր կեցավայրում Մալթայի փոքրաթիվ հայ համայնքի /200-250 հոգի/ ներկայացուցիչների հետ:




























