Ադրբեջանի իշխանությունները նորից  հինն են հիշել. նրանք հիստերիա են բարձրացնում Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր արտասահմանցի խորհրդարանականի այցի առնչությամբ, եթե անգամ այն ոչ պաշտոնական բնույթ  է կրում:

Այս անգամ քննադատության թիրախում է հայտնվել ավստրալացի պատգամավոր, Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի հայ-ավստրալական պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ Ուոլթ Սեկորդը:

Ինչպես հաղորդում է  «The Sydney Morning Herald»-ը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունն այդ կապակցությամբ բողոք է հայտնել Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչությանը: Սակայն, ինչպես նշում է թերթը, Սեկորդը սեփական նախաձեռնությամբ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, եւ անգամ այցը նրա միջոցներով է կազմակերպվել: Շրջագայության ընթացքում նա եղել է նաեւ Իսրայելում, Պաղեստինում եւ Իրաքյան Քուդիստանում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչումը Ավստրալիայի կառավարության գործն է: Սակայն Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելելն իմ պարտքն է, քանի որ ես հայ-ավստրալական բարեկամության խմբի համանախագահն եմ»,-հայտարարել է Սեկորդը: