ԱՄՆ Վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը թույլատրել է Ֆլորիդային ուժի մեջ մտցնել մի օրենք, որը սահմանափակում է Չինաստանի քաղաքացիների կողմից անշարժ գույքի և հողի գնումը՝ մերժելով այն հայտարարությունները, թե այն խախտում է դաշնային օրենքը և խտրականություն է դրսևորում ասիացիների նկատմամբ, հայտնում է NBC News-ը։

Ատլանտայում տեղակայված ԱՄՆ 11-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2:1 հաշվով որոշումը կարող է դրդել մյուս նահանգներին ընդունել այսպես կոչված հողի օտարման մասին օրենքները, որոնք ժամանակին տարածված են եղել, սակայն հարյուր տարի առաջ դուրս են եկել գործածությունից։

Ավելի քան 30 նահանգների օրենսդիրները ընդունել կամ ներկայացրել են օրինագծեր, որոնք սահմանափակում են օտարերկրյա սեփականության իրավունքը։

11-րդ շրջանային դատարանը հայտարարել է, որ Չինաստանի չորս քաղաքացիները, որոնց ներկայացնում էր Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU), իրավական հիմքեր չեն ունեցել Ֆլորիդայի 2023 թվականի օրենքը դատի տալու համար, քանի որ այն կիրառվում է միայն Չինաստանում «մշտապես բնակվող» անձանց նկատմամբ, իսկ իրենք երկար տարիներ բնակվել են Ֆլորիդայում։

Դատարանը նաև մերժել է այն հայտարարությունները, թե օրենքի դրույթները, որոնք պահանջում են Չինաստանի քաղաքացիներից գրանցել իրենց սեփականությունը պետական մարմիններում, հակասում են օտարերկրյա ներդրումները կարգավորող դաշնային օրենքին և անհիմն կերպով մոտիվացված են եղել չինացիների և ասիացիների նկատմամբ իրականացվող ռասիզմով։