«Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը չեղյալ է հայտարարում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները, ով երկուշաբթի օրը Սպիտակ տանը պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, որը ծանոթացել է փաստաթղթին։

Բանաձևի նախագիծը նաև նախատեսում է չեղյալ հայտարարել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի դեմ պատժամիջոցները։ Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է դրվել քվեարկության։

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ինը «կողմ» ձայն, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետոյի բացակայություն։

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպում անցկացնել Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Վաշինգտոն կժամանի պաշտոնական այցով։