Բռնցքամարտում Հայաստանի մարզիկներն առայժմ ունեն ընդամենը մեկ օլիմպիական ուղեգիր, որը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց Անդրանիկ Հակոբյանը 75կգ քաշային կարգում: Նոր ուղեգրեր նվաճելու համար մեր մարզիկները ունեն միայն մեկ հնարավորություն: Վարկանիշային վերջին մրցաշարը անցկացվելու է Թուրքիայում: Եվ առաջնային է դառնում հավաքականի անդամների ընտրության հարցը: Այդ տեսանկյունից կարեւոր էր Հայաստանի առաջնությունը, որը կայացավ Երեւանում:Մրցումների ավարտից հետո իր տպավորությունները NEWS.am-ի թղթակցին ներկայացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Առաջնությունը ծառայեց իր նպատակին այն առումով, որ շատ երիտասարդ բռնցքամարտիկներ, ովքեր արդեն երկու տարի է, ինչ թակում են հավաքականի դուռը, իրենց լավ դրսեւորեցին:Որոշ քաշային կարգերում անզիջում պայքար ծավալվեց, որոշ քաշային կարգերում էլ հաղթեցին ֆավորիտները: Հասկանալի է, որ մեր հիմնական նպատակը օլիմպիական ուղեգիր նվաճել է, եւ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք կողմնորոշվել ու հավաքականի կազմում ընդգրկենք արժանիներին:Կնշեի Կորյուն Սողոմոնյանին, ով մինչեւ 49 կգ քաշային կարգում կարողացավ չեմպիոնի կոչումը նվաճել` նվազագույն առավելության հասնելով փորձառու Հովհաննես Դանիելյանի նկատմամբ:
Այդ մենամարտից հետո մարզադալիճում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ասեմ միանգամից, որ ծեծկռտուք չի եղել: Ուղղակի մենամարտի արդյունքը հրապարակելուց հետո որոշ երկրպագուներ դժգոհեցին եւ փորձեցին մոտենալ ռինգին: Քաշքշուք տեղի ունեցավ, բայց այն շատ արագ կասեցվեց, ու եզրափակիչ մենամարտերը շարունակվեցին:
Դժգոհությունը Հովհաննես Դանիելյանի երկրպագուների կողմից էր, ամենայն հավանականությամբ:
Կարծում եմ` այո: Բայց որպես հավաքականի գլխավոր մարզիչ նշեմ, որ անարդարություն չի եղել, եւ թեկուզ նվազագույն առավելությամբ, բայց հաղթել է Սողոմոնյանը:
Հավաքականի անդամներից Հովհաննես Բաչկովը որակազրկվել է ու չիկարողացել շարունակել մրցաշարը: Դա ինչպե՞ս կանդրադառնա հավաքականում նրա ընդգրկվելու վրա:
Բաչկովը հիմա էլ հավաքականի անդամ է: Յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ նման բան մրցումների ընթացքում կարող է պատահել, այնպես որ այստեղ արտառոց ոչինչ չկա:Կարծում եմ` Բաչկովին լավ հանդես գալու համար խանգարեց մրցումներից առաջ քաշ գցելը, ինչի հետեւանքով մարզիկը որոշակի խնդիրներ ուներ: Ամեն դեպքում մենք հիմա այնքան էլ հարուստ չենք բարձրակարգ բռցքամարտիկներով, որ նրան հավաքական չընդգրկենք:
Հայաստանի հավաքականն առայժմ վաստակել է օլիմպիական մեկ ուղեգիր: Ըստ ձեզ մեր մարզիկներից ո՞վ ունի ամենալավ հնարավորությունները օլիմպիական վարկանիշ վաստակելու համար:
Ասեմ որ օլիմպիական ուղեգիր վաստակելու համար ամենալավ հնարավորությունը Բաքվում կայացած աշխարհի առաջնությունն էր, որտեղ մինչեւ ութերորդ տեղը զբաղեցրած մարզիները նվաճում էին Լոնդոնում հանդես գալու իրավունք: Բոլորն էլ գիտեն ու պատկերացնում են, թե ինչու մեր տղաներին չհաջողվեց հասնել իրենց նպատակին: Հիմա վարկանիշային մեկ մրցաշար է մնացել, եւ Թուրքիայում օլիմպիական ուղեգրերը տրվելու են տարբեր քաշային կարգերում տարբեր տեղերով:Օրինակ՝ 49 կգ քաշային կարգում 1-5 տեղերն են նվաճում ուղեգիր, 56կգ եւ 60 կգ քաշային կարգերում՝ 1-4 տեղերը, 81կգ քաշային կարգում՝ 1-3 տեղերը:Հաշվի առնելով մեր իրական հնարավորությունները` ես արդեն զեկուցել եմ նաեւ օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ 5-6 ուղեգիր ունենալը ռեալ չէ: Մենք շատ լավ շանսեր ունենք օլիմպիական ուղեգիր նվաճելու 49կգ եւ 60կգ քաշային կարգերում: Եթե մենք կարողանանք նվաճել այս քաշային կարգերում ուղեգրերը, դա կհամարեմ շատ լավ արդյունք:
Հայ բռնցքամարտիկները տեխնիկապես շատ բարձր մակարդակ ունեն: Իսկ տակտիկական ու հոգեբանական պատրաստականության վրա աշխատել է հարկավոր:Ժամանակակից բռցքամարտը ռինգում դա տոտալ բռնցքամարտն է, եւ շատ կարեւոր է հոգեբանորեն պատրաստ լինել նման մարտին: Ես բոլորին օրինակ կարող եմ բերել գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանին: Թող ոչ-ոք իրեն վատ չզգա, բայց այս բռնցքամարտիկը ռինգ է մտնում հաղթանակի հասնելու շատ մեծ ցանկությամբ, ու իր ուժերը շատ նպատակային էլ օգտագործում է մենամարտի ժամանակ:Այս առաջնությունում էլ Սարուխանյանը չնայած վնասվածքին դուրս էր գալիս ռինգ ու աշխատելով ինչպես հարկն է մենամարտում` ու արժանիորեն հաղթում: Իմ վրա լավ տպավորություն թողեցին նաեւ Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը, Հրայր Մաթեւոսյանը:
Վերջում նշեք, թե ինչպես են նախապատրաստվելու մեր բռնցքամարտիկները վարկանիշային մրցաշարին:
Սկզբից ասեմ, որ մեր հավաքականի թեկնածուներն ու անդամները այս պահի դրությամբ պահանջվող տվյալներին համապատասխանում էին: Սակայն մենք իհարկե միահամուռ ջանքերով պետք է աշխատենք մոտենալ վարկանիշային մրցաշարին ամենալավ մարզավիճակում:Մինչև Թուրքիա գնալը հավաքականը միջազգային երկու մրցաշարերի է մասնակցելու:Բուլղարիայում մեր բռնցքամարտիկներց վեցը ռինգ դուրս կգան փետրվարի 20-26-ը, ապա ևս վեց բռնցքամարտիկներ կմասնակցեն մարտի 2-6 Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարին:Այա այս մրցումների արդյունքներով էլ ի վերջո կկողմնոշորվենք, թե ովքեր են մասնակցելու ապրիլի 13-22ը Տրապիզոնում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին, որը միակն է մնացել բոլոր մարզիկների համար օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը



























