Հայաստանի Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը վաղը` փետրվարի 1-ին նիստ է գումարելու, որի ընթացքում անդրադառնալու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ խորհրդարանի երեք խմբակցությունների` «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ պետիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ: Դիմումը ստորագրել են «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը:

Ներկայացնելով իր կարծիքը 100-տոկոս համամասնականին անցնելու հարցի շուրջ` Դավիթ Հարությունյանն ասաց. «Իմ կարծիքը շատ հստակ է: Ես դեմ եմ 100 տոկոս համամասնականին այն ձեւով, որ առաջարկվել է»: Հարցին, թե որ մոդելն է առավել նպատակահարմար Հայաստանի համար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Տարբեր մոդելներ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը: Կարծում եմ` այն մոդելը, որ այս պահին կիրառում ենք, վատը չէ»,- նշեց Հարությունյանը:

Հարությունյանը նաեւ քաղաքական երանգ է տեսնում, որ առաջարկը ներկայացվել է ընտրություններից հաշված ամիսներ առաջ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը միանշանակ համոզված է, որ Ազգային Ժողովը չի ընդունի օրենսդրական նախաձեռնությունը եւ կողմ չի քվեարկի 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օգտին: