ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ընթացքում Վրաստանը շփոթել է Ռուսաստանի հետ: Խոսելով Վրաստանում ժողովրդավարական փոխակերպումների մասին` ԱՄՆ նախագահը շփոթվել է` երկիրն անվանելով Ռուսաստան, այնուհետեւ անվրդով նշել է, որ նկատի ուներ Վրաստանը:

Ինչպես Սպիտակ տան մամուլի  ծառայությանը հղում անելով տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ դրվագը հետեւյալ կերպ է եղել.

«Իմ առաջին քայլերից մեկը Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորման համար երախտագիտություն հայտնելն էր…», - ասել է Օբաման եւ մտախոհ նայել անորոշ ուղղությամբ. «Այսինքն` Վրաստանում», - անվրդով ճշտել է նախագահը:

 Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան պաշտոնական կայքում ոչ տեսագրության, ոչ էլ բանակցությունների սղագրության մեջ ուղղում չի արվել:

Գործակալությունը նաեւ մեջբերումներ է անում քաղաքական գործիչների սխալներից:

Այսպես, ԱՄՆ-ի փոխվարչապետ Դիք Չեյնին Պերուն շփոթել է Վենեսուելայի հետ, հայտարարելով, որ «Պերուի ժողովուրդն ավելի լավ առաջնորդի է արժանի, քան Հուգո Չավեսը»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մի անգամ նույնպես ուրախացրել է` «Կաբարդինո-Բուլղարիայում» կարգուկանոն հաստատելու մասին խոսելիս:

Շփոթմունքների ցուցակում առաջատարը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն է համարվում: Այսպես, 2002 թվականին Ճապոնիա կատարած այցի ժամանակ իենի փոխարժեքի հնարավոր բարձրացման մասին խոսելիս` «դեֆլյացիա» բառի փոխարեն  «դեվալվացիա» բառն է արտաբերել` խուճապ առաջացնելով Տոկիոյի բորսայում: