Երեւանում, այսօր` հունվարի 31-ին, տեղի է ունեցել Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագծի քննարկումը:
Քննարկմանը ներկա են եղել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ՀՀ-ում ԵՄԽԽ խորհրդատուները, ԵՄ երկրների դեսպանները եւ միջազգային կառույցների ղեկավարությունը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «2012-2013թթ. ծրագրի մշակումն իրականացվել է ՀՀ բոլոր պետական մարմինների ակտիվ ներգրավմամբ: Այն իր մեջ ներառում է շուրջ 160 գործողություն` 6 գերակա ուղղություններով: Գործողությունների ծրագրի իրականացմամբ լավ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում ԵՄ-ի հետ բարեհաջող ընթացող մեր գործընկերությունը որակական նոր շրջափուլի հասցնելու համար: Այս փաստաթուղթը միջանկյալ մի փաստաթուղթ է, մինչեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, եւ մենք կարծում ենք, որ 2012-2013թթ.-ին այս միջոցառումների իրականացումը էապես կնպաստի Հայաստանում նշված ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելուն»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան շեշտել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը եւ ԵՄ-ն իրենց համատեղ ջանքերը կենտրոնացնելու են նախագծի միջոցառումների արդյունավետ կենսագործման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ 2012-2013թթ. ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն էլ ավելի կմոտենա ժողովրդավարական զարգացած հասարակություններին:
Նախագծի շուրջ` իրենց գերատեսչությանը վերաբերող զեկույցներով հանդես են եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը: ՀՀ-ում ԵՄԽԽ ղեկավար Անթի Հարթիկայնեն ներկայացրել է նախագծի վերաբերյալ խմբի փորձագիտական գնահատականը եւ նկատառումները:
Ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ծրագիրն առաջիկայում կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում եւ կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը:



























