ԲՀԿ-ի նկատմամբ հրաձգություններ ու ճնշումներ չկան, սակայն նախընտրական գործընթացում, բնականաբար, որոշակի լարվածություն կլինի: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հավելելով, որ չի ցանկանում դա դարձնել անլուծելի խնդիր:

Հարցին, թե լարվածությունը հաղթահարելու հարց ԲՀԿ-ն բարձրաձրե՞լ է կոալիցիոն ուժերի հանդիպման ժամանակ, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, բայց  միայն դրա համար չէ: Ընդհանրապես միասնական ընտրությունների գնալու համար եւ այդ ընտությունների ժամանակ անել հնարավորը որպեսզի  ունենանք լավ ընտրություններ` ճանաչելի եւ ընդունելի, ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից»:

Ինչ վերաբերում է նախընտրական եւ ընտրական գործընթացներում ԲՀԿ-ի կողմից կատարվող օրինախախտումներին, Բոստանջյանն ասաց. «Բանականաբար գործընթացներ կլինեն, որոնք ցանկացած պարագայում  հետապնդում են կարգ ու կանոնի պահպանություն: Սակայն ընդունելի չէ, որ դրանցից որոշակի մաս առանձնացվի ու վերագրվի ԲՀԿ-ին»: Նրա խոսքով, եթե մենք վիճակագրությունը նայենք կտեսնենք, որ բոլոր կողմերից էլ գրեթե նույն չափի օրինականության խախտումներ տեղի են ունենում: