Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւը ողջունում է բանաձեւը, որը կոչ է անում հարգել Սումգայիթի հայկական կոտորածների զոհերի հիշատակը: Բանաձեւը ներկայացվել է Քալիֆորնիայի ասամբլեայի անդամ Ֆելիպ Ֆուենտեսի կողմից:

Բանաձեւը կոչ է անում հարգել Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածների զոհերի հիշատակը, բացի այդ կոչ է անում Քալիֆորնիայի օրենսդիր մարմնին հիշել այն հայերին, ովքեր զանգվածային սպանությունների են ենթարկվել Ադրբեջանում, իսկ նրանցից շատերը, ովքեր ենթարկվել են այդ գազանություններին, ավելի ուշ ապաստան են գտել ԱՄՆ-ում, հաղորդում է Asbarez թերթը:

«Պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապացուցել է, որ կարող է գոյատեւել: Նրանք ենթարկվել են հետապնդումների եւ ցեղասպանության, սակայն նրանք կրկին վերելք են ապրել եւ դարձել Քալիֆորնիայի մեր համայնքի անբաժանելի մասը»,-հայտարարել է Ֆուենտեսը: