ՀՀԿ ընտրական ցուցակները վերջնական որոշված չեն, սակայն կավելանան կանայք եւ երիտասարդները: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«Նրանք ընդհանուր թվով մոտ 20-30 հոգի են, կլինեն գործարարների փոխարեն: Գործարար պատգամավորներից 5-ն արդեն հայտարարել է խորհրդարան չմտնելու իր ցանկության մասին, իսկ մնացած 15-ին էլ կուսակցությունը չի սատարի»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Հարցին, թե ինքն անձամբ լինելո՞ւ է ՀՀԿ ցուցակում, թե` ոչ, պատգամավորն արձագանքեց. «Աստված գիտի»: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ՀՀԿ-ի միջոցով մտնել խորհրդարան` Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, իսկ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ պատգամավոր լինել չի ցանկանում:

«Նրանք հին գվարդիայից են, եթե իրենք ցանկություն են հայտնել, ՀՀԿ-ն էլ պետք է նայի մեկ-մեկ, թե ում կարելի է ընդգրկել»,-ասաց նա` հավելելով, որ ՀՀԿ-ն էլ կարիք ունի քաղաքական, տնտեսական ու իրավաբանական գործունեությամբ զբաղվող մարդկանց ընդգրկելու, իսկ այդ մարդիկ նրանք են, ովքեր կարող են օգնել:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, նշեց, որ ՀԱԿ անդամ յուրաքանչյուր կուսակցություն քննարկում է ցուցակի իր տարբերակը եւ այն ներկայացնում է ՀԱԿ-ի քննարկմանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ի ցուցակը նորմալ քննարկվում է, դրա հետ կապված որեւէ խնդիր չի կարող առաջանալ:

Պետրոս Մակեյանը ցուցակի հետ կապված հստակ անուններ չնշեց. «Մեր խնդիրը ցուցակը չէ, մեր խնդիրը իրավիճակը լուծելն է: Հասարակությունը պետք է զգա, որ ՀԱԿ-ում մանդատի համար անհանգստություն չկա»,- ասաց նա: Եթե ՀՀԿ-ական պատգամավորի ցանկությունն է, որ ընտրությունները անցնեն կազմակերպված, առանց խախտումների, ապա ՀԱԿ անդամը նշեց, որ իրենց համար ընտրությունները միջոց են` երկրում սահմանադրական կարգը վերահաստատելու համար:

Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով` ՀՀԿ-ն պետք է պահպանի ներկայումս ԱԺ-ում ունեցած իր տեղերը, իսկ Պետրոս Մակեյանը նշեց, որ արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը պետք է մեծամասնություն լինի, ստանա ձայների 50 տոկոսից ավելին: