Հունվարի 31-ին, Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի  աշակերտների միջեւ դասամիջոցի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչ արդյունքում աշակերտներից 12 Ա դասարանում սովորող  Երվանդ  Էքմեքջյանը ձախ աչքի վնասված է ստացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց դպրոցի փոխտնօրեն Աննա Վարդանյանը: Իսկ տնօրենը մեկնել էր քաղաքապետարան, հետեւաբար նրա հետ խոսել մեզ չհաջողվեց:

Վիճաբանությունը տեղի է ունեցել Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի եւ եւս մի քանի համադասարանցիների միջեւ։ Վիճաբանության ժամանակ հրել են Երվանդ  Էքմեքջյանին, որի հետեւանքով վերջինս դեմքով հարվածել է պատին։

Սակայն դպրոցի փոխտնօրենը հավատացնում է, որ վիճաբանություն տեղի չի ունեցել, իսկ աչքի վնասվածքը Երվանդն ստացել է ընկերների հետ կատակ անելու ընթացքում:

Հարցին, թե փորձե՞լ են պարզել, թե կոնկրետ, որն է եղել միջադեպի պատճառը, նա պատասխանեց. «Այո պարզել ենք եւ ոչ մի պատճառ չկա, երկու ընկերներ են, մոտիկ հարեւաններ,  իրար հետ կատակել են եւ մեկի ձեռքը կպել է աչքի տակի այտոսկրին: Ես չեմ կարող ասել, թե ինչի շուրջ են կատակել: Ձեզ թվում է  իրենք կասե՞ն, թե ինչ թեմայի շուրջ են կատակել»: Փոխտնօրենը նաեւ տեղեկացրեց, որ միջադեպին մասնակցած բոլոր աշակերտներն էլ հենց հիմա դպրոցում են, իսկ Երվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:

Փոխտնօրենի խոսքով, նրանց ծնողները եւս եկել են դպրոց  հասկանալու համար, թե ինչի հետեւանքով է նման պատմություն առաջացել եւ քանի որ պարզել են, որ պատճառը կատակն է, ոչ մի բողոք չեն ներկայացրել: ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ  փաստի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում եւ հետաքննություն է իրականացվում: