Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ եւ քննարկել հայ-լիտվական համագործակցության զարգացման հեռանկարները: Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջարկել երկուստեք ընդլայնելով կապերը` տեղական ինքնակառավարման մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ հարցերում ակնկալելով դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը քաղաքապետին հայտնել է, որ լիտվացի գործարարները հետաքրքրված են Երեւանի բիզնես միջավայրով եւ առաջարկել է կազմակերպել փոխայցելություններ ու ծրագրային քննարկումներ: Գեդրիուս Ապուոկասը ընդգծել է, որ գործակցության հաջողված օրինակներ արդեն կան եւ դրանք պետք է զարգացնել: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմանը` դեսպանը նշել է ծրագրերի այն շրջանակը, որտեղ համագործակցության հեռանկարներ կան:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է լիտվացի գործարարներին բիզնես առաջարկությունների փաթեթ ներկայացնել, որը համապատասխան կլինի նրանց հետաքրքրություններին:
Երեւանի քաղաքապետը եւ Լիտվայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



























