ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է ամերիկյսն սենատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամների հետ: Կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցեր, այդ թվում` անվտանգության եւ տնտեսության ոլորտին վերաբերող:
Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա online»-ը, հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի հետ ազատ առեւտրի հարցին, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների գոտու իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգության հարցերին:
Սենատորները եւս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ նշել, որ ողջունում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Նրանք նաեւ դրական են գնահատել Վրաստանում կայացած եւ կայանալիք ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները:
Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին այն բանաձեւի համար, որում Աբխազիան եւ Հարավային Օսիան անվանվել են «գրավված տարածքներ»: Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին, սենատորներ Ռիչարդ Լուգարը, Բեն Քարդինը, Թոմ Ուդելը եւ Ջեյն Շահինը:
Հանդիպումներին վրացական կողմը ներկայացրել են Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան եւ արտգործնախարարի տեղակալ Սերգի Կապանաձեն:




























