Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 15-ին լսումներ է հրավիրելու երեք կուսակցությունների` «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» խնդրանքով` քննարկելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր` այդ մասին ասել է հանրապետական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Վերջինս հայտնել է, որ նշված կուսակցությունները դիմել էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ իրեն` լսումներ հրավիրելու խնդրանքով: ԱԺ նախագահը գրություն է ուղարկել, եւ Հարությունյանն առաջարկեց լսումներ գումարել փետրվարի 15-ին, ժամը 11-ին:
Հանձնաժողովը որոշել է լսումների ժամանակ 10-ական րոպե ելույթի հնարավորություն տալ օրինագծի հեղինակներին, ելույթի հնարավորություն տալ ընդդիմախոսներին, եւ ապա ելույթներ կունենան լսումների մասնակիցները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ին հայտնեց, որ լսումներին հրավիրվածների ցանկը կազմելու է հանձնաժողովն ու կուսակցությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:
Դիմումը ստորագրել են «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը:




























