Դժվար թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վերադառնալ քաղաքականություն մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջոցով: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, բարդ է ակնկալել, որ նախկին նախագահը համաձայնի դառնալ «բազումներից մեկը» որեւէ կուսակցական ընտրացուցակում:

Այդուհանդերձ, երկրի նախկին ղեկավարները` Կարեն Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել են քաղաքականություն, ուստի դա նախադեպ ունի: Ինչ վերաբերում է բուն Քոչարյանին, այս փուլում, ըստ Իսկանդարյանի, նա ճիշտ դիրք է գրավել` չշտապեցնելով իրադարձությունները եւ որոշակի հայտարարություններ չանելով:

Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» մասին, որին մամուլը հաճախ կապում է Քոչարյանի անվան հետ, Իսկանդարյանը հնարավոր է համարել նրա համագործակցությունը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«Օսկանյանն իրեն քաղաքական թոշակառու չի համարում եւ չի հրաժարվի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունից: ԲՀԿ-ի համար դա կնշանակի ավելի ներկայացուցչական ընտրացուցակ, որը թույլ կտա դուրս գալ ՀՀԿ-ի դրոշի տակից»,- ասել է փորձագետը: