Վրացի կին լրագրող Սոֆո Նիկոլաշվիլին ձերբակալվել է սպանության փորձի եւ անօրինական զենք պահելու համար:
Ըստ «Գռուզիա Online» գործակալության տեղեկության` լրագրողուհին փորձել է կրակել ոստիկանության աշխատակցի (Գեորգի Սիբաշվիլի) վրա իր հոր ատրճանակից: Սակայն ոստիկանը հասցրել է խլել զենքը: Պատահարը տեղի է ունեցել Գուրջանիի շրջկենտրոնում (հանրապետության արեւելքում):

Ըստ ոչ պաշտոնական տեղեկության` ոստիկանը լրագրողի սիրեցյալն է եղել: Թե ինչ հարթության վրա է ծագել հակասությունը, չի մանրամասնվում:

Սոֆո Նիկոլաշվիլին աշխատում էր տեղական «Կախեթիայի ձայն» թերթում: Նրա հայրը` Դավիդ Նիկոլաշվիլին, Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժման ակտիվիստներից է:

Գեորգի Սիբաշվիլին աշխատում է Կախեթիայի շրջանի ոստիկանությունում, նրա հայրը, ինչպես նշվում է, Գուրջանիի ոստիկանության պետի տեղակալն է: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների` ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը: