Հայտնաբերվել են Արարատի մարզի գյուղերում բազմաթիվ գողություններ կատարած երիտսարդները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 1-ին, ժամը 15.00-ին, մի տղամարդ ոստիկանության Մասիսի բաժնում հայտարարություն է տվել, որ հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, դռան կախովի փականը կոտրելով, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող, իրեն պատկանող արհեստանոցից գողացել են զոդման 2 սարք, էլեկտրական շաղափ եւ մոտ 50 մետր մալուխ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են մեկ օր առաջ մեկ այլ հանցագործության համար ոստիկանների կողմից ձերբակալված, 27-ամյա Նիկոլայ Մայիլյանը եւ 24-ամյա Դերենիկ Թոխյանը:
Նրանք Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել էին «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ եւ պատճենահանման ու տպիչ սարքեր: Պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 738.338 դրամ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Մայիլյանն ու Թոխյանը 2011 թ. դեկտեմբերի 9-ի գիշերը, պատը քանդելու միջոցով, մտել են Հովտաշատ գյուղի մի խանութ եւ գողացել սննդամթերք ու ծխախոտ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























