Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Նյու Յորքում ՄԱԿ-ին կից Իրանի մշտական ներկայացուցչության աշխատանքը խաթարելու մեջ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

«Իրանցի դիվանագետների բնակության և տեղաշարժման սահմանափակումները, բանկային հաշիվների նկատմամբ սահմանափակումների ավելացումը և իրանցի դիվանագետների առօրյա գնումների նկատմամբ սահմանափակումների կիրառումը պատկանում են ճնշման այն միջոցներին, որոնք մշակվել և իրականացվում են իրանցի դիվանագետների բնականոն և օրինական աշխատանքը խաթարելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը արգելել է Նյու Յորքում Իրանի ներկայացուցչության երեք աշխատակիցների գործունեության շարունակումը։ Դա ԱՄՆ-ի անօրինականության գագաթնակետն է», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ կառավարության այն գործողությունները, որոնք ուղղված են Նյու Յորքում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչության երեք աշխատակիցների աշխատանքը սահմանափակելուն։

Ինչպես գրում է Իրանի ԱԳՆ-ն, ՄԱԿ-ի քարտուղարության ընդունող կողմի կարգավիճակը կազմակերպության անդամ պետությունների վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ կառավարության չարաշահումների աճը ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին համաձայնագրի դրույթների, մասնավորապես՝ հոդված 8-ի ակնհայտ խախտում է, ինչը խաթարում է այդ միջազգային կազմակերպության արդյունավետությունն ու գործունեությունը, ինչպես նաև վնասում է նրա գլխավոր քարտուղարի հեղինակությունն ու կարգավիճակը։