Իրաքի նախկին նախագահ (2018-2022) Բարհամ Սալեհը նշանակվել է փախստականների գործերով ՄԱԿ նոր գերագույն հանձնակատար։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ներքին փաստաթղթին։

Դեկտեմբերի 11-ի նամակի համաձայն, որը ստորագրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Սալեհը նշանակվել է հանձնակատար հինգ տարի ժամկետով: Նա, ինչպես սպասվում է, կփոխարինի իտալացի Ֆիլիպո Գրանդիին, որը պաշտոնը զբաղեցրել է վերջին 10 տարիների ընթացքում, որի ժամկետը լրանում է 2025թ․ վերջին: Փաստաթղթում նշվել է, որ նշանակումը նախնական է եւ ենթակա է ՄԱԿի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿՓԳ) գրասենյակի գործադիր կոմիտեի հաստատմանը:

Բարհամ Սալեհը ծնվել է Սուլեյմանիեում 1960թ․, կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում: 1970-ականներին նա միացել է Քրդստանի հայրենասիրական միությանը (ՔՀՄ), որտեղ պատասխանատու էր արեւմտյան երկրների հետ հարաբերությունների համար: 2001-2004թթ․ նա ղեկավարել է Իրաքյան Քրդստանի նախարարների կաբինետը, իսկ 2005թ․ դարձել է պլանավորման նախարար Իրաքի ժամանակավոր կառավարությունում: 2006-2009թթ․ նա զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը Նուրի ալ-Մալիքիի կաբինետում, իսկ 2009-2011թթ․ կրկին զբաղեցրել է Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետի պաշտոնը։ 2018թ․ նա խորհրդարանական քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Իրաքի նախագահ, սակայն պարտվել է 2022թ․ երկրորդ ժամկետի համար առաջադրվելու պայքարում։