Հայ-հնդկական հարաբերությունները հիմնված են վստահության վրա՝ կարծում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը: Լրագրողական այցի շրջանակում Հնդկաստանում գտնվող՝ NEWS.am-ի, CivilNet-ի, Armenpress-ի լրագրողների հետ զրույցում նա խոսել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայից, տարածաշրջանում Հնդկաստանի ունեցած առաջնահերթություններից:
Խորացող համագործակցություն երկու երկրների միջև
Անդրադառնալով հատկապես վերջին տարվա ընթացքում առավել պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցերին, խոսնակը նշել է, որ երկու երկրների միջև կապերը ամրանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում:
«Հայ-հնդկական հարաբերությունները օրեցօր զարգանում են: Քաղաքական մակարդակում, ինչպես նաև առևտրի, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում տեղի են ունենում բազմաթիվ պատվիրակությունների փոխայցեր: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ փոխըմբռնման վրա: Մենք վստահությամբ ենք մոտենում միմյանց: Դա է ընկած մեր գործընկերության, բարեկամության հիմքում: Մենք ցանկանում ենք խորացնել կապերը և աջակցում ենք Հայաստանին տարբեր եղանակներով: Մենք ամուր երկկողմ կապեր ունենք, ամուր քաղաքական կապեր ունեն եւ այժմ էլ շատ ամուր կապեր պաշտպանական ոլորտում»,- ասել է նա՝ նշելով, որ Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ:
Կապեր, որոնց հիմքում պատմությունն է ու մարդիկ
Ռանդհիր Ջայսվալի խոսքով՝ երկու ժողովուրդներին միավորում են դարերի ու հազարամյակների ընթացքում ձևավորված շփումներն ու փոխգործակցությունը։ Հայ-հնդկական հարաբերությունները պատմության խորքից են գալիս՝ ասում է նա:
«Կուզենայի պատմել մի դրվագ․ երբ ձեր առաջնորդներից մեկն առաջին անգամ այցելեց այստեղ՝ ձեր երկրի անկախացումից հետո, ինքնաթիռից իջնելուն պես նա համբուրեց հողը։ Նա ասաց՝ այս հողը մեզ համար այնքան հատուկ է եղել: Այժմ մենք նույն վերաբերմունքն ենք ցուցաբերում:
Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը բացառիկ է։ Մենք դրան նայում ենք մշակութային, և ժողովուրդների միջև ամուր կապերի տեսանկյունից», - նշել է Ռանդհիր Ջայսվալը:
Պաշտպանական համագործակցություն
Հնդկաստանի և Հայաստանի միջև վերջին շրջանում պաշտպանական համագործակցության խորացումն, ըստ խոսնակի, Հնդկաստանի պաշտպանական կարողությունների ընդլայնման արդյունք է եւ այն պետք է դիտարկել նման համագործակցություններին Հնդկաստանի ավելի լայն մոտեցման համատեքստում:
«Այսօր Հնդկաստանը պաշտպանական համագործակցության առումով շատ բան ունի առաջարկելու Հայաստանին և աշխարհին: Այն, ինչ այսօր տեսնում եք Հայաստան–Հնդկաստան հարաբերություններում, այդ կարողությունների դրսևորումն է»,- նշում է Ռանդհիր Ջայսվալը:
Նրա խոսքով՝ Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությամբ հետաքրքրված են շատ երկրներ:
«Մեր պաշտպանական ոլորտում ունեցած փորձառությունն ու կարողությունները զգալիորեն ընդլայնվել են միջազգային մակարդակում, և բազմաթիվ երկրներ հետաքրքրված են մեր առաջարկներով։ Մենք մշակում ենք նորագույն, բարձր տեխնոլոգիական համակարգեր և համագործակցում տարբեր պետությունների հետ, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտվել մեր իրականացրած զարգացումներից»,- ասաց նա:
Հնդկաստանը կարևորում է տարածաշրջանային կապակցվածությունը
Հնդկաստանը ներդրումներ է իրականացրել Իրանի Չաբահար նավահանգստում, որը Կովկասի, ապա Եվրոպայի հետ կապվելու տեսանկյունից կարևոր դարպաս է Հնդկաստանի համար:
Հնդկաստանի համար այն նաև այլընտրանքային ուղի է ապահովում՝ Պակիստանի հետ տասնամյակներ շարունակվող լարվածության պայմաններում, ինչի հետևանքով ցամաքային առևտրի և տարանցման հնարավորությունները սահմանափակվել են Հնդկաստանի համար:
Նախագծերը, որոնք կապակցվածություն են ապահովում Հնդկաստանի համար, Նյու Դելիի համար մեծ կարևորություն ունեն՝ նշել է արտգործնախարարության խոսնակը:
«Կապակցվածության նախագծերը մեզ համար շատ կարևոր են՝ լինի դա Չաբահար նավահանգիստը, Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքը, թե կապակցվածության մի շարք այլ ծրագրեր, որոնք մենք առաջ ենք մղում աշխարհի տարբեր հատվածներում։ Կապակցվածությունը բերում է բարեկեցություն: Ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ առաջընթաց՝ սա է մեր ուղերձը։ Կապակցվածության ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք խթանել տնտեսական աճը, ամրապնդել արտահանման և ներմուծման կապերը, ինչպես նաև ապահովել ապրանքների և ծառայությունների, տեխնոլոգիաների և, ընդհանրապես, բարեկեցության շարժը», - ասել է նա։
Հնդկաստանը ուշադիր հետևում է Հայաստան–Ադրբեջան զարգացումներին
Հնդկաստանը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշել է խոսնակը՝ ընդգծելով Նյու Դելիի մտադրությունը հետագայում էլ ավելի ամրապնդել կապերը Երևանի հետ։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք այս զարգացումներին, քանի որ Հայաստանի հետ մեզ կապում են ջերմ հարաբերություններ։ Մենք ցանկանում ենք հետագայում էլ ավելի ամրապնդել մեր կապերը և աջակցող լինել Հայաստանի նկատմամբ», - ասել է նա։
Թուրքիա–Ադրբեջան–Պակիստան համագործակցությունը և դրա հետևանքները Հնդկաստանի համար
Վերջին տարիներին Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը խորացրել են իրենց ռազմական և քաղաքական համագործակցությունը:
Հարցին, թե ինչպես է Հնդկաստանը գնահատում այդ հանգամանքը և դրանց ազդեցությունը տարածաշրջանային համագործակցության վրա, խոսնակը նշեց, որ Նյու Դելին շարունակում է կենտրոնանալ սեփական դիրքերի ամրապնդման և գործընկերների հետ սերտ աշխատանքի վրա։
«Մենք ցանկանում ենք ամրացնել մեր դիրքերը: Կան երկրներ, որոնք ձգտում են միավորվել՝ ընդդեմ որոշ կողմերի շահերի: Բնականաբար, մենք կփորձենք համագործակցել մեր գործընկերների հետ և հասկանալ, թե ինչպես լավագույնս կարող ենք դիմագրավել այդ մարտահրավերներին», - ասաց նա։

Գայանե Ալեքսանյան, Նյու Դելի





























