Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
Ի պատասխան, բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ հայտարարել են Մայր Աթոռին իրենց աջակցության մասին և որ այսօր ներկա են լինելու Մայր Աթոռում։




























