Բեռլինի էլեկտրամատակարարման համակարգի օբյեկտում տեղի ունեցած դիվերսիայից հետո, որի հետևանքով հունվարի սկզբին տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ մի քանի օր մնացել էին առանց էլեկտրականության, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը մտադիր է ուժեղացնել հատուկ ծառայությունները, հայտնում է Deutsche Welle-ն։

Նրա ծրագիրը ներառում է միջոցառումների փաթեթ, որն ուղղված է այդ գերատեսչությունների հաստիքների զգալի ավելացմանը և թվային տեխնոլոգիաների ոլորտում նրանց լիազորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների պաշտպանության մասին օրենսդրության խստացմանը։ Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Ի թիվս այլոց, նախատեսվում է ուժեղացնել թվային տիրույթում ձախակողմյան խմբավորումների ներկայացուցիչների նկատմամբ հսկողությունը և բացահայտել բոլոր նրանց, ովքեր ենթակառուցվածքների դեմ հարձակումներ են ծրագրում, նշել է Գերմանիայի ՆԳ նախարարը։

«Անվտանգությունն առաջնահերթություն է, ընդ որում՝ չի կարելի անտեսել նաև պայքարը ձախակողմյան ծայրահեղականության դեմ»,- հավելել է նա։

Բացի այդ, Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), որի անդամ է Դոբրինդտը, ծրագրում է հասնել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության իրավական մեխանիզմի ընդունմանը։

Մշակվող օրենքը, որը կրում է KRITIS անվանումը, պետք է սահմանի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և հեռահաղորդակցության պաշտպանության պարտադիր միջոցներ։ Դրա շրջանակում օպերատոր ընկերությունները պարտավոր կլինեն ներդնել անվտանգության խիստ հայեցակարգեր և արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագրեր։

Նախատեսված է նաև խստացնել թվային ցանցերի և կառավարման համակարգերի ՏՏ անվտանգության չափանիշները՝ ներխուժումներն ու դիվերսիաները կանխելու համար։ Նոր օրենքով նախատեսվում են նաև կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների անվտանգության լրացուցիչ ստուգումներ, որպեսզի ծայրահեղականները չկարողանան դրանք օգտագործել նոր հարձակումներ ծրագրելու համար։