Հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր թուրք գործընկերոջ՝ Մեհմեդ Ալի Շահինի հետ նոյեմբերի 23-ին կայացած հանդիպմանը, որ կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վերահոժղովի 34-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում:
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:
Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների համարձակ համատեղ աշխատանքը եւ համաձայնել, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաեւ փորձել կապեր ստեղծել երկու խորհրդարանների միջեւ:




























