Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոդված է գրել ուկրաինական «Европейская правда» պարբերականի համար մեկ տարի անց, երբ նա եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեցին երկու երկրների միջեւ հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիրը։

«Մեր գործընկերությունը հստակ ապացույցն է այն բանի, որ Ուկրաինան իր ամենամոտ գործընկերներից բաժանելու Պուտինի կայսերական նկրտումները հսկայական ռազմավարական ձախողում են եղել»,- նշվել է հոդվածում։ «Մենք գտնում ենք նոր եղանակներ՝ մեր անվտանգային կապերը խորացնելու եւ մեր գործընկերությունն ապագա սերունդների համար ամրապնդելու նպատակով»։

«Մինչ Ուկրաինան եւ աշխարհի մեծ մասը միավորվում են՝ արդար եւ երկարատեւ խաղաղության ուղղությամբ աշխատելու համար, Պուտինը ցույց է տալիս իր իրական դեմքը՝ ուկրաինացի ժողովրդին թիրախավորելով անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ընկղմել ցրտի եւ խավարի մեջ՝ ցրտաշունչ ձմռան կեսին, երբ դրսում ջերմաստիճանը իջնում ​​է մինչեւ -20°C»։ «Սա ամոթալի է»,- նշել է Սթարմերը։

Հոդվածում նաեւ նշվել է, որ Պուտինը «պատմություն է հորինում» Վալդայում գտնվող իր նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, եւ Լվովի դեմ «Օրեշնիկի» հարվանը անվանվել է «բացահայտ սրացում»։

«Պուտինը կցանկանար ձեր կյանքը դժոխք դարձնել, բայց ձեր դիմադրելու վճռականությունը միայն աճում է»,  նշվել է հրապարակման մեջ։