Չեչնիայի ղեկավարի որդին՝ Ադամ Կադիրովը վթարի է ենթարկվել, հայտնում է «Կավկազ.Ռեալիի» լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ «NIYSO» շարժման տվյալների՝ Ադամ Կադիրովի ավտոշարասյունը «ընթացել է մեծ արագությամբ՝ մեքենան մեքենայի հետևից, երբ հանկարծակի բախվել է պատնեշին»։

«Արդյունքում մեքենաները սկսել են բախվել միմյանց, ուստի տեղեկություններ ենք ստանում, որ տուժածները քիչ չեն, բայց հենց Ադամի պատճառով է նման իրարանցում սկսվել»,- հայտնել են շարժման ներկայացուցիչները։

Ավելի ուշ լրատվամիջոցը հայտնել է, որ Ադամ Կադիրովին տեղափոխող ինքնաթիռը պատրաստվում է մեկնել Մոսկվա։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Գրոզնիի հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել նաև ավտովթարից տուժած այլ անձինք, սակայն նրանց թիվը և վնասվածքների ծանրության աստիճանը ճշտել չի հաջողվել:

Զրուցակիցը հավելել է, որ մեքենան, որում գտնվել է Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդին, ընթացել է ավտոշարասյան սկզբում՝ շատ մեծ արագությամբ, իսկ ղեկին եղել է հենց ինքը՝ Ադամ Կադիրովը։ «Մեքենան ընթացքի ժամանակ կորցրել է կառավարումը, իսկ հետո բախվել ինչ-որ պատնեշի։ Ըստ ամենայնի, նա չի կարողացել կառավարել մեքենան»,- պարզաբանել է խմբագրության աղբյուրը:

Ինչպես պատմել է «Կավկազ.Ռեալիի» մեկ այլ աղբյուր՝ Ադամ Կադիրովն ուշքի է եկել և բժիշկների հետ գտնվում է Գրոզնիի օդանավակայանում։

«Նրա վիճակը բժիշկների մոտ մտահոգություն չի առաջացնում»,- հայտնել է աղբյուրը։