Սիկտիվկարի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց տնային կալանք է սահմանել ՆԳՆ ուսումնական կենտրոնի դասախոս Վլադիմիր Օպարինի նկատմամբ, ով մեղադրվում է անփութության մեջl, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Որոշումը կապված է հունվարի 15-ին հաստատությունում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետ, որի հետևանքով 20 մարդ է տուժել։

Դատավորը հայտարարել է, որ մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունը մերժվել է։ Նիստն անցկացվել է դռնփակ ռեժիմով։ Դատական պրոցեսի մասնակիցները որոշման հրապարակումից հետո հրաժարվել են մեկնաբանություններից։

«Դատարանը որոշել է մերժել քննչական մարմնի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ և որոշել է որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը», - հայտարարել է դատավորը։

Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի ՆԳՆ Սիկտիվկարի ուսումնական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Ականատեսները հզոր պայթյունից հետո տեսել են շենքից բարձրացող ծխի կույտեր։ Միջադեպի հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ ինը մարդ։ Նրանցից մեկը հրաժարվել է օգնությունից, իսկ մնացածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։

ՌԴ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ հոսպիտալացված ութ անձանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։