Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Խաբարովսկի երկրամասի իշխանության ներկայացուցիչների և Կաբարդինո-Բալկարիայի ոստիկանների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը։ Այս մասին TASS-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից (ՀԿԿ)։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել է Խաբարովսկի երկրամասի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների և Կաբարդինո-Բալկարական Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը», - նշել են ՀԿԿ-ում։

ԱԴԾ տվյալներով՝ նշված տարածաշրջաններում «հրկիզող սարքերի և ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ հարձակումների նախապատրաստման ժամանակ ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպությունների համակարգողների հրահանգներով գործող՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկի 1995 թվականին ծնված քաղաքացին, ով ծրագրում էր Խաբարովսկի երկրամասի վարչական շենքի հրկիզումը և Կաբարդինո-Բալկարիայի 2009 թվականին ծնված բնակիչը, ով մահափորձ էր նախապատրաստում Նալչիկի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»։ Ինչպես TASS-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, Նալչիկում կալանավորել են 16-ամյա դեռահասին։

ԱԴԾ-ից հայտնել են, որ արմատականները պայթուցիկ և հրկիզող սարքեր են պատրաստում այն հրահանգների հիման վրա, որոնք ստացել էին, այդ թվում՝ Telegram մեսենջերի միջոցով։ «Ձերբակալվածների կապի միջոցներում հայտնաբերվել են Telegram-յան նամակագրություններ ՌԴ տարածքում արգելված ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների հետ», - հստակեցրել են ԱԴԾ-ում։

Ինչպես հայտնել է Պետրենկոն, Կաբարդինո-Բալկարիայում ձերբակալված դեռահասը 2025 թվականի հոկտեմբերին տեսաուղերձ է ձայնագրել՝ ուղղված ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին և անդամագրվել դրան։ Նալչիկում ոստիկանության աշխատակիցների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու համար նա ձեռք է բերել պայթուցիկ սարքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ և բաց աղբյուրներից ներբեռնել համապատասխան տեսահրահանգներ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.5-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը) և 30-րդ հոդվածի 3-րդ մասով ու 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (անձանց կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողության նախապատրաստում) նախատեսված հանցագործություններ կատարելու համար։