Մոսկվացի թոշակառուն խոստովանել է, որ խարդախություն է արել Դոլինայի սխեմայով, բայց, միևնույն է, դատարանի միջոցով հետ է ստացել Մոսկվայի Տուշինո թաղամասում գտնվող 9 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարանը, գրում է Mash Telegram-ալիքը։

Այժմ 90-ամյա տղամարդը նորից կապրի իր երկսենյականոց բնակարանում, սակայն մի հանգամանք կա. դրա դիմաց նա պետք է վերադարձնի գումարը։

«Վաճառքի օրը պապիկը վճարովի դատահոգեբուժական փորձաքննություն է անցել. նրան լիովին մեղսունակ են ճանաչել։ Պայմանագիրը ձևակերպվել է պաշտոնապես, վճարումն իրականացվել է կանոններով, 49 քմ մակերեսով բնակարանն անցել է նոր տերերին։

Գերագույն դատարանի նոր դիրքորոշման հայտնվելուց հետո վաճառողը կտրուկ մտափոխվել է։ Դեկտեմբերի 19-ին նա լրացված հայց է ներկայացրել՝ պնդելով, թե գործարքի պահին չի գիտակցել իր գործողությունները։ Նա հղում է արել ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի 177-րդ հոդվածին»,- հայտնում է ալիքը։

Նիստերի ժամանակ տղամարդն ասել է, որ սխեմային նախապես է պատրաստվել. փորձել է պատասխանները, մոլորության մեջ է գցել փորձագետներին, գնացքի տոմս է գնել՝ գնորդներին համոզելու համար, թե մեկնում է Մինսկ՝ որդու մոտ, և ոչ մի դատական գործ չի պլանավորում։

Չնայած սրան՝ հունվարի 16-ին դատարանը նրան է վերադարձրել բնակարանը։ Իսկ նախկին տերերին՝ Կոտկովների ընտանիքին, խոստացել են վերադարձնել ամբողջ գումարը։ Սակայն թոշակառուն գումար չունի։

Այժմ Կոտկովները խարդախության մասին հաղորդում են պատրաստում։ Նրանք մատնանշում են վաճառողի ուղղակի խոստովանությունները և վախենում են, որ նոր դատական պրակտիկան ցանկացած, նույնիսկ օրինական գործարքը վերածում է վիճակախաղի. բնակարանը կարող են խլել, իսկ գումարը՝ չվերադարձնել։