Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի սերունդների տրանսատլանտյան խոշորագույն ճգնաժամ է առաջացրել, գրում է ամերիկյան Washington Post-ը։
Պարբերականը Գրենլանդիայի շուրջ եվրոպական երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի մասին հայտարարությունը գնահատում է որպես «առևտրային պատերազմի սանձազերծում», որից եվրոպացի առաջնորդները «փորձել են ամեն գնով խուսափել»։
Մաքսատուրքերը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփը, փետրվարից սկսած կսահմանվեն Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ և ուժի մեջ կմնան մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան ձեռք բերելու գործարքի կնքումը։
Գրենլանդիան մտնում է Դանիայի Թագավորության կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզին զավթելու քայլերի դեմ՝ հայտարարելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։





























