Լրատվամիջոցները հրապարակել են Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տեքստը, որին ամերիկացի առաջնորդը հետագայում պատասխանել է կտրուկ ուղերձով՝ կապելով Գրենլանդիայի հարցը իր Նոբելյան խաղաղության մրցանակից հրաժարվելու հետ։

Ըստ նորվեգական VG պարբերականի՝ հունվարի 19-ի առավոտյան Ստյորեն հաստատել է Թրամփի նամակի իսկությունը, որն ավելի վաղ հայտնվել էր լրատվամիջոցներում։ Նամակում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակից հրաժարվելուց հետո այլևս պարտավորված չի զգում «մտածել բացառապես խաղաղության մասին», ինչպես նաև արտահայտել է Գրենլանդիայի նկատմամբ «լիակատար վերահսկողություն» ձեռք բերելու իր մտադրությունը։

Ըստ Ստյորենի՝ Թրամփի նամակը պատասխանն էր ԱՄՆ նախագահին իր և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի անունից ավելի վաղ ուղարկված նամակին։

Լրատվամիջոցները հրապարակել են նաև Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների առաջին նամակի տեքստը. «Հարգելի՛ նախագահ, թանկագին Դոնալդ։ Մենք գրում ենք տրանսատլանտյան կապերի, Գրենլանդիայի, Գազայի, Ուկրաինայի և երեկվա Ձեր հայտարարած մաքսատուրքերի մասին։

Դուք գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ։ Սակայն համոզված ենք, որ բոլորս պետք է աշխատենք իրավիճակը հանդարտեցնելու և այն թուլացնելու ուղղությամբ. մեր շուրջն այնքան շատ բան է կատարվում, որ պետք է միասնական լինենք։ Առաջարկում ենք այսօր ավելի ուշ հեռախոսազրույց ունենալ՝ կամ մեզ հետ միաժամանակ, կամ առանձին՝ տեղեկացնել, թե որ ձևաչափն եք նախընտրում։ Լավագույն մաղթանքներով, Ալեքս և Յոնաս»։

Նորվեգիայի վարչապետին ուղղված Թրամփի ավելի վաղ հրապարակված https://news.am/arm/news/925920.html պատասխանում, նա ուղղակիորեն կապել է Գրենլանդիայի նկատմամբ իր պահանջները իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելու հետ։