Նախընտրական դաշինք ձևավորելու հարցով քննարկումներ ենք անցկացնում երիտասարդ ուժերի հետ, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնենք նախընտրական գործընթացների եզրափակիչ փուլում։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել որդեգրել պետականամետ մոտեցում։ Նրա խոսքով՝ եթե այս կամ այն ընդդիմադիր ուժը տեսնում է, որ անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունները մեծ չեն, ապա չպետք է մտնի գործընթացի մեջ, որպեսզի ձայները չկորչեն։
Կարապետյանը նկատել է, որ նման մոտեցումն ակամա աջակցություն կդառնա գործող իշխանության վերարտադրմանը, քանի որ ընտրական գործընթացների միջոցով իշխանափոխությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հավաքած ձայների չնչին տարբերությամբ։ «Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա։ Հակառակ դեպքում, այդ ուժերը ակամայից կաջակցեն այսօր իշխանության վերարտադրությանը։ Իշխանության փոփոխությունը ընտրական պրոցեսով փոքր տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու, և ընդդիմության կորցրած 3–4 տոկոսը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ նշում ենք, որ եթե անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը քիչ է, պետք է պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ»,- ընդգծել է նա։
Նարեկ Կարապետյանը նկատել է, որ հաղթանակի համար անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը, քանի որ գործող իշխանությունների օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդը հինգ տարի անց կկրեն անդառնալի փոփոխություններ։ «Իշխանությունները փոխում են հասարակության էությունը։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ՝ մեր երկիրն ազատելու համար այն ազգային և հասարակական սպառնալիքներից, որոնք բխում են գործող իշխանության քաղաքականությունից»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ եթե ողջ հայ հասարակությունը համախմբվի այս գաղափարի շուրջ, ապա փոփոխությունները տեղի կունենան շատ արագ։





























