88 տարեկան հասակում մահացել է Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի եղբայրը և տապալված նախագահ Բաշար Ասադի հորեղբայրը՝ Ռիֆաթ ալ-Ասադը, հայտնում է Reuters-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով նրա մահվան մասին տեղեկացված աղբյուրներին, Ռիֆաթ ալ-Ասադը մահացել է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Աքսորի հիմնական տարիները նա անցկացրել է Ֆրանսիայում: Ռիֆաթը Սիրիա է վերադարձել 2021 թվականին, իսկ 2024 թվականին՝ իր եղբորորդու՝ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, կրկին փախուստի է դիմել:

Երբ 2000 թվականին մահացել է Հաֆեզը, Ռիֆաթը դեմ է արտահայտվել իշխանությունը Բաշարին փոխանցելուն և իրեն հայտարարել է օրինական ժառանգորդ: 2011 թվականին, երբ ընդդիմադիր ալիքը հեղեղել է Սիրիան, նա կրկին հանդես է եկել արտասահմանից հնչեցրած ելույթով՝ կոչ անելով իր եղբորորդուն հնարավորինս շուտ հրաժարական տալ՝ քաղաքացիական պատերազմը կանխելու համար:

Ավելի քան տասը տարի անց Բաշար Ասադը, ով այդ ժամանակ դեռ իշխանության ղեկին էր, թույլ է տվել իր հորեղբորը վերադառնալ տուն, ինչն օգնել է վերջինիս խուսափել Ֆրանսիայում բանտարկությունից։ Այնտեղ նա մեղավոր է ճանաչվել սիրիական պետությունից դուրս բերված միջոցներով միլիոնավոր եվրոների գույք ձեռք բերելու մեջ։ Բաշարի տապալումից հետո՝ Ռիֆաթը Լիբանանի միջոցով լքեց երկիրը։

1970 թվականի պետական հեղաշրջումից հետո Ռիֆաթը դարձել է Ասադի կառավարության ազդեցիկ դեմքերից մեկը։ Նա ղեկավարել է այն էլիտար ուժերին, որոնք Համայում 1982 թվականին ճնշել են «Մուսուլման եղբայրների» ապստամբությունը, որը Հաֆեզ ալ-Ասադի 30-ամյա կառավարման ամենալուրջ սպառնալիքներից մեկն է եղել։

2024 թվականի մարտին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատի կտա Ռիֆաթ ալ-Ասադին՝ Համայում կատարած պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։