Հայաստանի գործող իշխանությունները սպառնալիքներ են տեսնում կրոնական և մշակութային գործիչների մեջ, բայց ոչ Թուրքիայում։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցն անվանել է «ազատ ոճով դպրոցական շարադրություն»։ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում ասվում է, որ TRIPP նախագծի իրականացումն ու Կարս–Գյումրի երկաթգծի վերականգնումը կարող են ապահովել շուկաների դիվերսիֆիկացում։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա կարող է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջանների զարգացմանը։ Միևնույն ժամանակ պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիան 1993 թվականից ի վեր շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Ընդ որում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հանդես են գալիս Երևանի հասցեին հնչող կոշտ հայտարարություններով։

«Դատելով սոցհարցումներից՝ Թուրքիայում Հայաստանն ու նրա ժողովրդին համարում են թշնամիներ, ինչը զեկույցում հիշատակվում է ընդամենը 3 անգամ։ Այն էլ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Դիտարկելով Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները՝ Արտաքին հետախուզության ծառայությունը ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի նշել՝ արդյոք կան սպառնալիքներ Թուրքիայի կողմից։ Փոխարենը՝ որպես սպառնալիք դիտարկվում են կրոնական գործիչները և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները», - վրդովվել է Մանուկյանը: