Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումները լիարժեք կատարելու համար ամեն կիրակի կրթության և առողջապահության ոլորտի հազարավոր պետական ծառայողներ, ինչպես նաև հարյուրավոր ոստիկաններ դուրս են բերվում և նետվում փողոցներ։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում լայնորեն խախտվում են աշխատավորների իրավունքները։

Նրա խոսքով՝ ամեն կիրակի մարդիկ ստիպված են լինում այցելել տարբեր մարզեր և համայնքներ՝ իշխանության կողմից նախաձեռնված կեղծ ժամերգություններին մասնակցելու համար։ «Կան անհերքելի ապացույցներ... Մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները», — ընդգծել է Մանուկյանը։