Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում համաշխարհային առաջնորդների առջեւ ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կեղծ հայտարարություններ է արել, տեղեկացրել է BBC-ն։
ԱՄՆ-ը «վերադարձրել է Գրենլանդիան Դանիային» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՞
Գրենլանդիան երբեք ամերիկյան չի եղել, այնպես որ՝ ԱՄՆ-ը ոչ մի կերպ չէր կարող «վերադարձնել» այն։
1941թ․, այն բանից հետո, երբ Դանիան օկուպացվել էր նացիստական Գերմանիայի կողմից եւ կապիտուլացվել, Միացյալ Նահանգների եւ Դանիայի ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել Գրենլանդիան՝ կանխելու համար նացիստների կողմից հսկայական կղզու գրավումը: Այս համաձայնագրի ստորագրումից հետո կղզում կառուցվել են մի քանի ամերիկյան ռազմակայաններ, որտեղ տեղակայվել են ամերիկյան զորքեր: Սակայն այս համաձայնագիրը չէր նախատեսում ինքնիշխանության փոխանցում:
ԱՄՆ-ը վճարել է ՆԱՏՕ պաշտպանական կարիքների «գրեթե 100 տոկոս՞ը»
ԱՄՆ նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ին եւ հայտնել, որ Միացյալ Նահանգների վճարումները կազմել են Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե բոլոր վճարումների գրեթե 100 տոկոսը։ Նա միաժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ երկրների վճարումները եղել են նվազագույն. «Նրանք անգամ 2 տոկոսը չեն վճարել, իսկ հիմա վճարում են 5 տոկոս»։
Այս պնդումներից ոչ մեկը ճիշտ չէ։
Վերջին տարիներին ԱՄՆ պաշտպանության ծախսերը կազմել են ՆԱՏՕ երկրների ընդհանուր ծախսերի մոտ 70 տոկոսը։ 2024թ․ այս ցուցանիշը նվազել է մինչեւ 65 տոկոս, իսկ 2025թ․, կանխատեսումների համաձայն, կհասնի 62 տոկոսի, քանի որ ՆԱՏՕ բոլոր անդամները պարտավոր են առաջին անգամ պաշտպանության վրա ծախսել իրենց ՀՆԱ առնվազն 2 տոկոսը։
ԱՄՆ-ը երբեք ոչինչ չի ստացե՞լ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ-ը դաշինքի միակ անդամն է, որն օգտագործել է 5-րդ հոդվածը։
2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ՆԱՏՕ երկրները զորքեր եւ սարքավորումներ են տրամադրել Միացյալ Նահանգներին՝ «Անակոնդա» գործողության եւ Աֆղանստանում հետագա ռազմական գործողությունների համար: Նշանակալի ներդրում ունեցող երկրների թվում էր Դանիան, որը Աֆղանստանում ԱՄՆ դաշնակիցների շրջանում մեկ շնչի հաշվով ամենաբարձր կորուստներից մեկն է ունեցել:
Չինաստանում քամու էլեկտրակայաններ չկա՞ն
Չինաստանի Գանսու նահանգում է գտնվում աշխարհի ամենամեծ քամու էլեկտրակայաններից մեկը։ Գանսուի քամու էլեկտրակայանների համալիրը կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից։ Our World in Data-ի տվյալների համաձայն՝ Չինաստանը քամու էներգիայի աշխարհի ամենամեծ արտադրողն է։
Թրամփը 18 տրլն դոլար ներդրումներ է ներգրավել ԱՄՆ տնտեսության մե՞ջ
Սպիտակ տան կայքը, որը հետեւում է «ամերիկյան արտադրության, տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների մեջ կատարված ներդրումներին», վերջերս հրապարակել է անցյալ տարվա նոյեմբերի տվյալները: Այնտեղ նշվել է, որ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ներդրումները կազմել են 9.6 տրիլիոն դոլար։





























