Երեւանի քաղաքապետարանը գործի է դրել իր ողջ տեխնիկան` քաղաքի փողոցները ձյունից մաքրելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Ներկա պահին տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ ընդհանուր առմամբ, քաղաքում երթեւեկությունը դանդաղել է. ավտոմեքենաները, այդ թվում հասարակական տրանսպորտը շարունակվող ձյան պատճառով մեծ արագությամբ չեն ընթանում:

«Փողոցների մաքրման աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, գործի է դրվել մեր ունեցած ամբողջ տեխնիկան, փողոցներին աղ եւ ավազ է ցանվել»,-նշել է մամուլի ծառայության ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ գործի է դրվել ոչ միայն քաղաքապետարանի եւ կոմունալ ծառայությունների ենթակայության տակ գտնվող տեխնիկան. ավելի վաղ քաղաքապետարանը դիմել է շինարարական ընկերություններին` օգնություն խնդրելով համապատասխան տեխնիկայի տրամադրման հարցում, որը եւ իրականացվել է:

Նշենք սակայն, որ Երեւանի շատ փողոցներ մինչ այս պահը դեռ ձյան տակ են, որոշ երթուղիների միկրոավտոբուսներին ու ավտոբուսներին ուղեւորները սպասում են ժամից ավելի: