Չհաշվված Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թ.-ի բացառությունը, 2025-ը առաջին անգամն է, որ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է, այն էլ՝ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Այս մասին նշվել է ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա ներկայացվել է որպես միտումների իրական փոփոխություն, քանի որ սահմանահատումների ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30,500, որը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս նոր միգրացիոն իրավիճակ է՝ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է մուտքի ուղղության։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս ներկայացվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ, այդ թվում՝ Փրկարար ծառայության զարգացման հաստատված հայեցակարգը, որը ներառում է նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում՝ միտված ծառայության կառավարման արդյունավետության, արձագանքման արագության և ռեսուրսների նպատակային օգտագործման բարձրացմանը։ Ներկայացվել է Փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքի բացումը, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ և նոր համազգեստ։





























