ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ի կառավարությունը մի քանի ամիս է՝ գաղտնի բանակցություններ են վարում Աֆղանստանում գերված ամերիկացիներին ազատ արձակելու վերաբերյալ, գրել է The New York Times-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրների։
Սակայն բանակցությունները փակուղի են մտել: «Թալիբանը» պնդում է, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի Միացյալ Նահանգներում գտնվող վերջին աֆղան բանտարկյալի՝ Մուհամադ Ռահիմի ազատ արձակումը, որը 2008-ից պահվում է Գուանտանամոյի բանտում: Նա մեղադրվում է «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի համար սուրհանդակ եւ թարգմանիչ աշխատելու մեջ: ԱՄՆ-ը նաեւ կարծում է, որ Ռահիմը նախապես տեղյակ է եղել «Ալ-Քաիդայի» հարձակումների մասին։
Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է «Թալիբանից» ազատ արձակել առնվազն երեք ամերիկացիների: Աֆղանստանի իշխանությունները պնդում են, որ իրենց մոտ միայն երկուսն են՝ գիտնական Դենիս Ուոլթեր Քոյլը, որը ձերբակալվել է 2025թ․ հունվարին, եւ նախկին ամերիկացի զինծառայող Պոլինեզիս Ջեքսոնը: Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ անհայտ է երրորդ ամերիկացի քաղաքացու՝ Մահմուդ Հաբիբիի գտնվելու վայրը, որը, ըստ ՀԴԲ-ի, ձերբակալվել է Աֆղանստանում 2022թ․:
Սպիտակ տունը մեղադրում է Աֆղանստանին «պատանդների դիվանագիտության» մեջ։ Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին հայտնել է, որ ոչ մի ամերիկացի բանտարկյալ չի պահվում որպես սակարկության առարկա։ Նա նշել է, որ Աֆղանստանի իշխանությունները ցանկանում են «առաջընթաց Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում», այդ թվում՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը եւ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը։
Բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով՝ Թրամփի վարչակազմը չի քննարկի հետագա հանրային շփումները, մինչեւ մնացած բոլոր ԱՄՆ քաղաքացիները ազատ չարձակվեն։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ Մուհամադ Ռահիմը չի դառնա որեւէ ապագա գործարքի մաս՝ չնայած Քաբուլի պահանջներին։
2021թ․ օգոստոսին թալիբները զավթեցին իշխանությունն Աֆղանստանում, ԱՄՆ-ը շուտով հայտարարեց երկրից զորքերի դուրսբերման ավարտի մասին։ Սպիտակ տունը պաշտոնապես չի ճանաչում թալիբների իշխանությունը, սակայն ամերիկացի դեսպանները վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել են Աֆղանստան, գրել է NYT-ը։ Սպիտակ տան տվյալներով՝ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում առնվազն չորս ամերիկացի արդեն ազատ է արձակվել աֆղանստանյան գերությունից, որոնցից ոչ մեկը՝ փոխանակման շրջանակում։





























