ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հավանության մակարդակն ընկել է մինչեւ 39 տոկոս, սա ամենացածր ցուցանիշն է պաշտոնին Թրամփի վերադարձից հետո, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը։

Հարցման արդյունքներով՝ ամերիկացիների միայն 39 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի միգրացիոն քաղաքականությանը, մինչդեռ կեսից ավելին (53 տոկոս) արտահայտել է հակառակ կարծիքը: Նշվել է, որ հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ ներգաղթային ծառայության (ICE) գործակալները շատ հեռու են գնացել խախտումները կասեցնելու իրենց ջանքերում, մինչդեռ 12 տոկոսը նշել է, որ նրանց գործունեությունն «անբավարար» է։

Հարցումն անցկացվել է հունվարի 23-25-ին եւ ընդգրկել է ավելի քան 1 100 ամերիկացի չափահասների: Վրիպանքի սահմանը մոտ երեք տոկոսային կետ է։

Մինեսոթայում անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի գործողությունները, որոնք սկսվել են հունվարին, հանգեցրել են երկու մահվան. հունվարի 7-ին ICE աշխատակիցը կրակոցով սպանել է մի կնոջ, որը, ենթադրաբար, փորձել է վրաերթի ենթարկել նրան իր մեքենայով, իսկ հունվարի 24-ին կրակոց է արձակվել մեկ այլ ցուցարարի վրա, ինչը նահանգում բողոքի ավելի ագրեսիվ ալիք է առաջացրել: