Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին խոստացել է հրաժարական տալ, եթե Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) եւ «Ճապոնիայի վերականգնման ընկերություն» (ՃՎԿ) իշխող կոալիցիան չկարողանա ապահովել տեղերի մեծամասնությունը ստորին պալատի առաջիկա ընտրություններում։

«Ես ուզում եմ ապահովել ընտրողների վստահությունը։ Եթե ԼԴԿ-ն եւ ՃՎԿ-ն չկարողանան ապահովել մեծամասնություն, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»,- ասել է նա՝ դիմելով ընտրողներին Տոկիոյում  Նրա խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։

Հունվարի 27-ին Ճապոնիայում սկսվել է փետրվարի 8-ին նախատեսված խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կլինի ամենակարճը երկրի հետպատերազմյան պատմության մեջ՝ առավելություն տալով վարչապետ Սանաե Տակաիտիի գլխավորած իշխող կոալիցիային, որը մոտենում է ժողովրդականության գագաթակետին եւ մարտահրավեր է նետում ընդդիմությանը։ Հարցումների համաձայն՝ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը վայելում է ամենաբարձր ժողովրդականությունը՝ չնայած նրա աջակցության մակարդակը զգալիորեն հետ է մնում կառավարության վարկանիշից, որը հիմնված է վարչապետի հեղինակության վրա։ Օրինակ՝ Nikkei-ի հարցման համաձայն, հարցվածների 40 տոկոսն է նախատեսում ընտրություններում քվեարկել ԼԴԿ-ի օգտին, մինչդեռ Տակաիտիի գլխավորած կառավարության վարկանիշը մնում է մոտ 65 տոկոս։