Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հայտարարության համաձայն՝ հունվարի ծայրահեղ եղանակային պայմանները հանգեցրել են լուրջ տնտեսական եւ բնապահպանական վնասների, ինչպես նաեւ մարդկային կորուստների։

Հայտարարության համաձայն՝ Չիլիում բռնկված անտառային հրդեհները ստիպել են տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց, ոչնչացվել են հարյուրավոր շենքեր, մահացել է առնվազն 21 մարդ։ Արգենտինայի հարավում բարձր ջերմաստիճանը, երկարատեւ երաշտը եւ ուժեղ քամիները հանգեցրել են ավերիչ հրդեհների, երկու ջերմային ալիքներ, որոնք ուղեկցվել են վտանգավոր եղանակային պայմաններով, տարածվել են Ավստրալիայի մեծ մասում։

ՀՕԿ տվյալներով՝ Կանադան եւ Միացյալ Նահանգները բախվել են առատ ձյան, կյանքին սպառնացող ցրտի եւ սառցակալման պայմանների։ Հարյուր հազարավոր տնային տնտեսություններ տուժել են չվերթների լայնածավալ չեղարկումներից եւ էլեկտրաէներգիայի անջատումներից, որոնց հետեւանքով գրանցվել են մի քանի մահվան դեպքեր։ Բացի այդ, Եվրոպայի մեծ մասը բախվել է մի շարք փոթորիկների, որոնք ուղեկցվում են ուժեղ անձրեւներով եւ քամիներով։ Դրանք տրանսպորտային խափանումներ եւ հեղեղումներ են առաջացրել բազմաթիվ երկրներում՝ Իռլանդիայից եւ Մեծ Բրիտանիայից մինչեւ Պորտուգալիա, Իսպանիա եւ ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջան։

Աֆրիկայի եւ Ասիայի երկրները լրջորեն տուժել են ջրհեղեղներից, ամենաշատը տուժել է Մոզամբիկը: Հարավային Աֆրիկայում աղետից տուժել է առնվազն 650 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել են անօթեւան, առնվազն 30 հազար տուն ավերվել է: Հարավային Աֆրիկայի իշխանությունները հայտարարել են ազգային աղետի մասին՝ տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների պատճառով, որոնք խլել են առնվազն 30 մարդու կյանք: Ինդոնեզիայում Արեւմտյան Ճավայում տեղի ունեցած սողանքը խլել է ավելի քան 50 մարդու կյանք, Նոր Զելանդիայում արեւադարձային փոթորիկների շարքն առաջացրել է հեղեղումներ եւ սողանքներ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:

Ըստ ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի՝ եղանակային եւ կլիմայական աղետների ավերիչ հետեւանքները «ակնհայտ են եղել այս հունվարին ամեն օր»: