2025 թվականի սեպտեմբերին Եվրամիության կողմից ավիացիայի ոլորտում նոր թերություններ են արձանագրվել, մինչդեռ նախկինում արձանագրված 40 կետից բաղկացած թերությունները, որոնք հայկական ավիաընկերություններին «սև ցուցակում» ներառելու որոշման պատճառ էին դարձել, վերացվել են։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա պարզաբանել է, որ սեպտեմբերին արձանագրված թերությունները տեխնիկական, օրենսդրական և կառուցվածքային բնույթի են, որոնց 60%-ն արդեն վերացված է։ «Մենք աշխատում ենք մնացած թերությունների վերացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք «սև ցուցակից»»,- հավելել է Խուդաթյանը՝ չնշելով կոնկրետ ժամկետներ, բայց «սփոփելով», որ դա հինգ տարուց քիչ ժամանակ կպահանջի։
Նախարարը հայտնել է, որ 2025 թվականին Հայաստանի օդանավակայաններում արձանագրվել է ուղևորահոսքի աճ, որը կազմել է 5,75 մլն ուղևոր. սա 7,5%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Նա հավելել է, որ միայն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասով ցուցանիշն աճել է 32,4%-ով։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը 2020 թվականին հայկական բոլոր ավիաընկերություններին ներառել է թռիչքային անվտանգության «սև ցուցակում»։





























